Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի մոտակայքում տեղադրված 50 մետրանոց հսկայական խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ Ուկրաինական Strana.ua Տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել։
Նշվում է, որ այն նկարահանվել է սեպտեմբերի 29–ին։ Տեսանյութում երևում է խաչի ֆոնին ընթացող ուղղաթիռը։ Այնուհետև՝ 2 ժամ անց նկարահանված հատվածում խաչն արդեն տապալված է, գրում է Gazeta.ru-ն։
Խաչը տեղադրվել էր 2017–ին՝ Դաշուշեն գյուղի բարձունքում զոհված հայ զինծառայողների հիշատակին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։