Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ «43 կմ երկարությամբ Զանգեզուրի միջանցքի բացումը»։
«Նաև հնարավոր է, որ միջանցքն ապահովի Իրանը։ Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես արագ կյանքի կոչենք այդ ծրագիրը»,– ասել է նա, գրում է Minval.az-ը։
Ըստ թուրք նախարարի, նոր երթուղու շնորհիվ Անկարան մեկ գծով կմիավորի «թուրքական հանրապետություններն ու Հեռավոր Արևելքը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով,
ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։