3 հոկտեմբերի 2023 - 14:11 AMT
Կիրակոսյան․ Որոշակի քայլեր ենք ձեռնարկում ԼՂ հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Հայաստանը որոշակի քայլեր է ձեռնարկում հայերի իրավունքների պաշտպանության համար, եթե այդպիսիք մնան Ղարաբաղում։

Ըստ նրա, ՀՀ կողմից ՄԱԿ–ի Միջազգային դատարանին ներկայացրած պահանջների առաջին կետով Ադրբեջանը պետք է զերծ մնա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումից, ինչպես նաև Բաքուն պետք է զերծ մնա ԼՂ–ում մնացած հայերին ուղղակի կամ անուղղակի կերպով դուրս մղելուն ուղղված գործողություններից։

Ըստ էության, ազգային զտումն արդեն իսկ տեղի է ունեցել, սակայան գործի են դրվում հայերի իրավունքների, այդ թվում վերադարձի և փոխհատության իրավունքի պաշտպանությանն ուղղված պահանջները»,–ասել է Կիրակոսյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

Նա ասել է, որ ադրբեջանցիներն իրավունք չունեն օգտվելու հայերի բնակարաններից և գույքից։ Առանձին պահանջ է առաջ քաշվել մշակութային ժառանգության պահպանության մասով։

Կիրակոսյանը տեղեկացրել է, որ հանրային լսումները տեղի կունենան մոտ մեկ ամսից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։