3 հոկտեմբերի 2023 - 18:32 AMT
Պեսկով․ Մոսկվան ոչ կոռեկտ է համարում ՀՀ միացումը Հռոմի ստատուտին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ոչ կոռեկտ է համարում ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

«Անշուշտ, ցանկալի չէր լինի, որ ՌԴ նախագահը երբևէ ինչ–ինչ պատճառներով ստիպված լինի հրաժարավել Հայաստան այցերից»,– ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա Հայաստանին ՌԴ դաշնակից ու գործընկեր է անվանել։

«Իհարկե, ՀՀ գործող ղեկավարությանը նոր լրացուցիչ հարցեր կառաջանան, դրանք նախապես փոխանցվել էին հայկական կողմին։ Մենք կասկածում ենք և հենց սկզբից էլ կասկածում էինք, որ երկկողմ հարաբերությունների տեսակետից ՀՀ միանալը Հռոմի ստատուտին կոռեկտ կարող է լինել։ Նախկինի պես կարծում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է»,– ասել է նա։

Ըստ Պեսկովի, Մոսկվան և Երևանը պետք է դրա հետ կապված դիվանագիտական լուծում գտնեն, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մեր շփումները մշտապես ընթանում են տարբեր մակարդակներով և մենք լուրջ խոսակցություններ ենք ունենալու այդ թեմայով։ Պետք է ինչ–որ դիվանագիտական լուծում գտնել այդ կապակցությամբ»,–ասել է նա։

Հոկտեմբերի 3–ին ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Photo. Ria Novosti