ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին, որի հետևանքով ԼՂ–ում հայ չի մնացել, ասել է, որ ռուս խաղաղապահների օրերը ԼՂ–ում հաշված են։ Նա նշել է, որ Ադրբեջանի հարձակումը հարված է հասցրել ՌԴ դիրքերին։
Նա հավելել է, որ Բաքվի գործողությունները վարկաբեկեցին Ռուսաստանին որպես հզոր տերության, և այժմ Վրաստանում սկսել են խոսել Աբխազիան և Հարավային Օսիան հետ բերելու մասին, գրում է «Գովորիտ Մոսկվան»։
«Սահակյանի, Ղուկասյանի կալանավորումը, որն իրականացվել է փաստացի խաղաղապահների աչքի առաջ, իմ կարծիքով, շատ լուրջ նախատինք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք այդ տարածաշրջանում՝ խաղաղապահ առաքելության։
ՌԴ որոշ պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարում են, թե ոչ ոք մեղավոր չէ, որ հայերը հեռացան Լեռնային Ղարաբաղից՝ իբր թե կամավոր են գնում։ Այդպիսի հայտարարությունները վարկաբեկում են ՌԴ–ին որպես խաղաղապահի։
Այն փաստը, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն չէին հավատում, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։
Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետև ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Չէ որ զորախումբը չի վերահսկելու ճանապարհային երթևեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի հարց է, ընդ որում` կարճ ժամանակի: Ահա թե ինչ եղավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց տարածաշրջանում մեր դիրքերին»,-ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։