6 հոկտեմբերի 2023 - 15:06 AMT
Բաքուն՝ Մակրոնին․ Անտրամաբանական է ասել` տարածքները, որտեղ Ադրբեջանի ուժերը չսահմանազատված սահմանին են, ՀՀ են

Ադրբեջանի ԱԳՆ–ն կտրուկ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին Գրանադայում՝ նշելով, որ Բաքվի վրա ճնշում գործադրելու փորձերն «անընդունելի են և ապարդյուն», հայտնում է Interfax.az-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրանադայում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը անարդյունավետ կլիներ՝ դրա ժամանակը չէ։

«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ։ Հիմա դրանք անարդյունավետ կլինեին և կխանգարեին լավագույնս պաշտպանել Հայաստանի տարածքն ու նրա բնակչությանը։ Հիմա պահանջկոտության, հստակության պարտավորությունների կատարման ժամանակ է, մասնավորապես, ռազմական ձևով աջակցության առումով, որն ընտրել է Ֆրանսիան։ Բայց պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսությունն Ադրբեջանի հետ»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն, անդրադառնալով ՀՀ տարածքն օկուպացնելու մեղադրանքներին, հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել:

«Պնդումները, թե այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը տեղակայված են չսահմանազատված սահմանին, պատկանում են Հայաստանին, միանգամայն անտրամաբանական են»,- ասված է Արդբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ–ն նաև հայտարարել է, որ «Հայաստանը դեռ օկուպացիայի տակ է պահում 8 ադրբեջանական գյուղ»։

Մինչդեռ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Բաքվից առաջարկել են Փարիզին նման հայտարարությունների փոխարեն «վերջ դնել նենգ քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանին աջակցելուն և զինելուն»։

Ըստ Մակրոնի, Ֆրանսիան ամեն ինչ անում է ՀՀ–ին աջակցելու համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

«Գլխավորը հիմա Ղարաբաղից եկած ընտանիքների վիճակն է ու սահմանի հարցը»,–ասել է Մակրոնը։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարԱրայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին,թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է«լուրջ հաղթանակ»հայկական կողմի համար։