Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,–նշել է նա։
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում ևս գրել է, որ հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան։
Հոկտեմբերի 7–ին ժամը 06:00 -ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները Գազայի հատվածից: Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորել են ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան և այլ։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակիրճ ուղերձ է հղել Իսրայելի բնակչությանը՝ նշելով, որ սա «օպերացիա կամ հարվածների փոխանակում չէ, սա պատերազմ է»։ Նա պահեստազորայինների զանգվածային զորակոչ է հայտարարել։