9 հոկտեմբերի 2023 - 12:37 AMT
Գալուզին․ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և ԵՄ–ն կարող են միասին աշխատել հայ–ադրբեջանական հակամարտության լուծման վրա

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և ԵՄ–ն կարող են մասին աշխատել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման վրա, եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի մշակումները չներկայացնեն որպես իրենցը։

«Կարող են։ Սակայն այն ընկալմամբ, որ Եվրամիությունն ու ԱՄՆ–ն չեն յուրացնի մեր մշակումներն ու ներկայացնի որպես իրենցը, այլ իրենց գործողությունները կներդաշնակեցնեն հայ–ադրբեջանական կարգավորման այն մոդալությունների հետ, որոնք արդեն մշակել են կողմերը ՌԴ միջնորդությամբ»,–ասել է Գալուզինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հենց այդ տեսանկյունից ենք մոտենում այդ հարցի շուրջ ԵՄ և ԱՄՆ հետ շփումներին»,–ասել է նա։

Գալուզինն ասել է, որ համակարծիք չէ այն տեսակետին, որ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունը մրցակցում են այդ հարցում։

«Կա խաղաղ կարգավորման մոդալություն, մշակված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020–ին և հաջորդ 2 տարում։ Եվ եթե Եվրամիությունն ու ԱՄՆ–ն ցանկանում են նպաստել դրանց իրականացմանը, ապա, անշուշտ, մենք դրան չենք հակազդի։ Բայց եթե խոսքը գնում է ռուսական մշակումներից օգտվելու և առանց ՌԴ–ի գործելու մասին, պարզ է, որ նման մոտեցումը մեզ համար չի կարող ընդունելի լինել»,–ասել է նա։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։