Հոկտեմբերի 9–ի առավոտյան ՄԱԿ առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ Ասկերան–Ստեփանակերտ երթուղով, հայտնում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ առաքելության նպատակն է տեղերում ծանոթանալ իրավիճակին, որոշել բնակիչների հումանիտար կարիքները։
Առաքելության մասին այլ տվյալներ չեն հայտնվում։
Ավելի վաղ ՄԱԿ առաքելությունը այցելել էր Լեռնային Ղարանաղ հոկտեմբերի 1–ին, որը ԼՂ–ում ավերածություններ չէր տեսել և «ցնցված էր Արցախը լքելու բնակչության հանկարծակի որոշումից»։ Թիմը համայնքների ներկայացուցիչներից տեղեկացել էր, որ Ղարաբաղում մնում է 50-ից 1000 էթնիկ հայ։ ՄԱԿ-ի պաշտոնյաները, ըստ հայտարարության, մեկօրյա այցի ընթացքում եղել են Աղդամում, Ստեփանակերտում և Լաչինի միջանցքում։ Հաղորդագրության համաձայն՝ գյուղական բնակավայրեր դիտորդների հասանելիությունը «սահմանափակ» էր։
Հայաստանը խորը մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:
«Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը»,–ասվում էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ։