Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, գործադիրի քաղաքականությունն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում՝ մնան, ապրեն, աշխատեն ՀՀ–ում։
Նա տեղեկացրել է, որ այս ընթացքում բռնի տեղահանվածներից մոտ 2500 մարդ է հեռացել երկրից ու հույս հայտնել, որ նրանք պարզապես այս շոկային իրավիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին և վերադառնալու են։
Փաշինյանը նշել է նաև, որ ԼՂ-ի հայաթափումը երբեք կառավարության պլանների և քաղաքական ցանկությունների օրակարգում չի եղել, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ։
«Մենք ժողովրդագրության հետ կապված ծրագրեր ունենք, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու, զարգացման ամենատարբեր ծրագրերը», - ասել է վարչապետը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ–ն միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունի բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար։
Փաշինյանը նաև նշել է, որ միջազգային բոլոր գործընկներները զարմացած են, թե ինչպես կարող է լինել, որ 3 օրում երկիր մտնի 100,000 փախստական ու կառավարությունն ի վիճակի լինի նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ:
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են արցախցիներին աջակցելու հարցում:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։