30 ապրիլի 2009 - 17:47 AMT
«Ցեղասպանություն» տերմինի օգտագործումը ձեռնածությունների առիթ է տալիս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կատարած հայտարարությունն ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ ունի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն եւ այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ են տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս»,- նշել է հայ պատմաբանը` ավելացնելով, որ այս հարցը գլոբալ խնդիր է հանդիսանում եւ չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը:

Ինչպես նշեց Դեմոյանը, իր համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդհանրապես չխոստանար, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «ԱՄՆ նախագահի հայտարարությունը նաեւ դրական կողմ ունի: Նրա հայտարարության քննարկումները բարձրացրել են համաշխարհային հանրության եւ ԶԼՄ-երի տեղեկացվածության մակարդակը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին»,- նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին հղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման օգտագործեց Մեծ եղեռն տերմինը` հայերի կողմից սպասված «ցեղասպանություն» տերմինի փոխարեն: «94 տարի առաջ տեղի է ունեցել 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը: Ամեն տարի մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերի մասին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության վերջին օրերին: «Մեծ եղեռնը» պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես որ ապրում է հայ ժողովրդի սրտերում»,- ասել է Օբաման: