Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։ ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է «Ազատությունը»։
Թե քանի նման դիմում են ստացել հարազատներից, Ամատունին այս պահին հստակ թիվ չի կարողացել ասել. տվյալներն ամբողջացվում են։
«Կարծում եմ՝ մոտակա օրերին կկարողանանք ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Խոսքը մի շարք քաղաքացիների մասին է, որոնց հարազատները չեն կարողանում գտնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով և ոչ միայն։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավոք, փնտրվող աձնանց թիվը փոքր չէ», - հավելել է Զառա Ամատունին։
Ըստ նրա՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պատճառներով մնացած փոքր թվով անձանց։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն, չի հստակեցնում՝ քանի նման քաղաքացի կա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։