17 հոկտեմբերի 2023 - 15:53 AMT
Վարչապետ․ Եթե սկզբունքները վերահաստատվեն, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա խիստ իրատեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում հայտարարել է, որ Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի։

«Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը», - ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է միայն, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, չնշելով 29,800 քառակուսի կմ-ն, մինչդեռ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ-ով։

Նա նշել է, որ հոկտեմբերի սկզբին Գրանադայի գագաթնաժողովից առաջ խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն կար, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց գալ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել։ Այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադա, մեր գործերը չհեշտացրեց, բայց Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք: Եթե սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչև տարեվերջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կդառնա խիստ իրատեսական»,–ասել է նա։

Փաշինյանը խոսել է նաև ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին՝ նշելով, որ Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին։

«Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում ԽՍՀՄ վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու ու ռազմական նոր ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում», - հայտարարել է Փաշինյանը։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։