Գազայում հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով կան հարյուրավոր զոհեր․ ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելն իրար են մեղադրում, գրում է Associated Press-ը։
Հորդանանը չեղարկել է հոկտեմբերի 18–ին նախատեսված քառակողմ հանդիպումն ԱՄՆ նախագահի, Եգիպտոսի նախագահի, Պաղեստինի ինքնավարության և Հորդանանի թագավորի մասնակցությամբ։
Հիվանդանոցի հրթիռակոծումը բողոքի ցույցերի պատճառ է դարձել Հորդանանի Արևմտյան ափին, Ստամբուլում և Ամմանում։ Պաղեստինի առողջապահության նախարարը հայտարարել է, որ փլատակների տակից դեռ մարմիններ են հանում, գրում է BBC-ն։
Իսրայելի զինուժը շարունակում է լայնածավալ գործողություն նախապատրաստել ՀԱՄԱՍ–ի դեմ Գազայի հատվածում։ Հումանիտար բեռների առաքման համար հրադադարի վերաբերյալ առաջարկն Իսրայելի կառավարությունը մերժել է։
Հիվանդանոցի հրթիռակոծումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Իսրայել այցի շեմին դատապարտել են աշխարհի բազում երկրներ։ ՌԴ–ն և ԱՄԷ–ն ՄԱԿ ԱԽ նիստ են պահանջել։
Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։
ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։