20 հոկտեմբերի 2023 - 12:48 AMT
Նորվեգիան մոտ 2.8 մլն եվրո կհատկացնի ՀՀ համար ԵԽ գործողությունների պլանին

Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոնի (2 միլիոն 769 հազար եվրո) կամավոր ներդրում է կատարել ի նպաստ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների պլանի:

ԵԽ խոսնակի հաղորդագրության համաձայն՝ այդ առիթով Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Հելգե Սելանդը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ, հայտնում է «Ազատությունը»։

Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագիրը մեկնարկել է 2023–ի փետրվարին։ Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։