Սեպտեմբերի վերջին ռուսական «Լևադա» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2023–ի սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքները, որի շրջանակում ռուսաստանցիներին հարցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրենց իրազեկվածության, կողմերի նկատմամբ վերաբերմունքի և տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման մասին։
Ստացված արդյունքների համաձայն՝ 2016 թվականից ի վեր ադրբեջանական կողմի նկատմամբ համակրանքը կրկնապատկվել է՝ հասնելով 10%-ի, հայկական կողմի նկատմամբ, հակառակը, նվազել է մոտ երկու անգամ (մինչև 8%)։ Ռուսաստանցիների կեսից շատը դրական է արտահայտվել տարածաշրջանում ՌԴ խաղաղապահների տեղակայմանը, գրում է Levada.ru-ն։
Ըստ հարցման, երիտասարդ ռուսաստանցիներն ավելի լավ են վերաբերվում երկրներին, քան տարեցները։
Հոգեբանության և սոցիալական քաղաքականության մագիստրոս, գիտաշխատող Աննա Լեոնտևան ասել է, որ դժվար է իմանալ, թե իրականում ինչ են մտածում ռուսաստանցիները, քանի որ քաղաքական թեմաներով հարցումներից խուսափողների թիվը վերջին մեկ տարում գերազանցել է 90 տոկոսը, հայտնում է ՍիվիլՆեթը:
«Որքանո՞վ են այս մնացած 5-10 տոկոս ձայները ներկայացնում հասարակությունը և այն էլ ՝ ինչ-որ իրական դիրքորոշումեր նրանում»,–նշել է նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ռուսները սկսել ավելի վատ վերաբերվել հայկական կողմին՝ 2016 և 2020 թվականների համեմատ՝ փորձագետը նշել է, որ այդ պատասխաններն ինչ-որ չափով արտացոլում են ռուսաստանցիների պատկերացումները, թե ինչպես պետք է խոսել իրավիճակի մասին, այլ ոչ թե ձևավորված կարծիքներ։
«Սա նաև պատասխանում է այն հարցին, թե ինչո՞ւ են ռուսաստանցիները սկսել ավելի վատ վերաբերվել հայկական կողմին 2016 և 2020 թվականների համեմատ։ Ամենահավանական պատասխանը Ռուսաստանում հաստատված ռեժիմն է և այն կասկածամտությունը, որը նա փոխանցում է ավելի ժողովրդավարական հասարակություններին։ Անուղղակիորեն դա հաստատվում է նրանով, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի ամենալուրջ վատթարացումը, ըստ ամենայնի, բաժին է ընկել Ռուսաստանի ամենատարեց սերնդին, որն ավանդաբար ավելի շատ է սպառում հեռուստատեսային քարոզչությունը և Հայաստանին մեղադրում էսկալացիայի մեջ ։
Եթե համեմատենք Telegram-ով լուրեր կարդացողներին հեռուստացույց դիտողների հետ, ապա առաջինները (ենթադրաբար ռուսական քարոզչությունից մի փոքր ավելի հեռու լինելով) երկու անգամ ավելի հաճախ են Ադրբեջանին ագրեսոր ճանաչում 2023 թվականին (26% ՝ 13% -ի դիմաց) և մեկուկես անգամ ավելի քիչ ՝ Հայաստանը (8% ՝ 12% – ի դիմաց)»,–ասել է նա, գրում է ՍիվիլՆեթը։
Հայաստանի նկատմամբ վերբերմունքը վերջին յոթ տարիներին վատթարացել է. եթե 2016թ. Հայաստանի նկատմամբ լավ վերաբերմունք ունեին հարցվողների 79 %, 2020 թ.՝ 62 %, ապա 2023–ի սեպտեմբերին՝ միայն 53 %: Հայաստանին բացասաբար է վերաբերվում 29 %-ը: Առավել լավ են վերաբերվում Հայաստանին մինչև 24 տարեկան հարցվողները՝ 69 %, ամենավատ վերաբերմունքն ունեն 55 տարեկանից բարձր անձինք՝ 45 %: