21 հոկտեմբերի 2023 - 12:15 AMT
Նախարար․ Արցախում պայթյունի ու ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 հոգու աճյուն է նույնականացվել

Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել։ Այդ մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։

Նա չի առանձնացրել պայթյունից ու ռազմական ագրեսիայից մահացածների թվերը։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ն անճանաչելի են, ավելի քան 50-ը՝ անհետ կորած։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։