24 հոկտեմբերի 2023 - 11:51 AMT
Պետդեպ․ Ողջունում ենք խաղաղությանը նպաստող ցանկացած պարտավորություն, անկախ նրանից՝ որտեղ է դա տեղի ունենում

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, անդրադառնալով Իրանում «3+3» ձևաչափով հանդիպմանը, ասել է, որ հայ–ադրբեջանական հարցում ԱՄՆ–ն ողջունում է ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար, անկախ այն բանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է վարում դրանք։

Միևնույն ժամանակ, Միլլերը խոսել է «Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքի մասին՝ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ»։

«Բայց մենք վստահելի գործընկերներ չենք տեսնում ի դեմս այդ երկրների, մեղմ ասած»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 23-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և ՀՀ, Ադրբեջանի, ՌԴ, Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի, Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքում 9 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել։ Վրաստանը չի մասնակցել հանդիպմանը։

Նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով: