24 հոկտեմբերի 2023 - 12:18 AMT
ԱԳՆ․ Թեհրանում Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում է եղել

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ դա սովորական է նման հարթակների համար։

Ավելի վաղ Միրզոյան–Բայրամով հանդիպման մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանին հղումով։

«Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում տեղի ունեցած Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը ևս մեկ քայլ է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ու բարեկամության ճանապարհին»,–ասել է Աբդոլլահիանը, գրում է Trend-ը։

Նա հավելել է, որ այդ հանդիպումը կնպաստի կայունթյան ու անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում։

Հոկտեմբերի 23-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և ՀՀ, Ադրբեջանի, ՌԴ, Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի, Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքում 9 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել։ Վրաստանը չի մասնակցել հանդիպմանը։

Նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով: