Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ զինված ուժերի համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։
Նախարարն առանձնահատուկ նշել է ՀՀ զինված ուժերի համար հատուկ ջոկատների նախապատրաստումը՝ հատկապես լեռնային տեղանքում մարտական գործողությունների և բարձր ճշգրտության հրաձգության համար, գրում է «Հայկական ժամանակը»։
Նա համագործակցության 3 հիմնական ուղղություն է առանձնացրել․
«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`
Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին
Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում
Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ։
2․ Ուսուցում
Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ
Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում
3․ Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում
-3 հատ GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
-«Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
-Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ:
Նա հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարին Ֆրանսիան դեսպանատանը կից ռազմական կցորդ է նշանակել»,–գրել է նախարարը։
Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում ստուգում կանցնի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել։Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: