30 ապրիլի 2009 - 23:00 AMT
Հայաստանի վարչապետը հուշամեդալներ է հանձնել հանրապետության մի շարք առաջատար ձեռնարկությունների ղեկավարների
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել եւ Աշխատանքի օրվա առթիվ ու երկարամյա, բարեխիղճ եւ անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալներ է հանձնել հանրապետության մի շարք առաջատար ձեռնարկությունների ղեկավարների։ Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, ՀՀ վարչապետի որոշմամբ բարձր պարգեւի են արժանացել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը, »Երեւան գարեջուր» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, «Գարուն» ԲԲԸ-ի նախագահ Գոհար Ենոքյանը, «Կերամիկա» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Խաչատրյանը, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը։

Շնորհավորելով Աշխատանքի օրվա եւ պարգեւատրման կապակցությամբ, վարչապետը կարեւորել է, որ հանրապետությունում քիչ չեն այնպիսի վաստակաշատ ձեռնարկատերերը, նվիրյալները, ովքեր իրենց կյանքով ու գործով, անձնական օրինակով սահմանում են չափանիշներ, որոնցով կարելի է հասարակությանը ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական ձեռնարկատերը։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է նաեւ Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) հանրապետական միության դերը` հանրապետությունում գործարարության զարգացման եւ պետական մակարդակով խրախուսման արժանի ձեռնարկատերերին ի հայտ բերելու գործում։

Վարչապետը «Գարուն» ԲԲԸ-ի նախագահ Գոհար Ենոքյանին շնորհավորել է նաեւ նրա աշխատանքային գործունեության 50-ամյակի կապակցությամբ։
Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրված ձեռնարկատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին` հատկապես համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի դժվարին այս ժամանակում իրենց տասնամյակների ջանքերն ու վաստակը բարձր գնահատականի արժանացնելու համար։ Նրանք հավաստիացրել են, որ այսուհետ եւս իրենց ողջ կարողություններն ի սպաս են դնելու հանրապետությունում գործարարության զարգացման, տնտեսության աճի եւ պետության ու ժողովրդի բարօրության գործին։
Հանդիպման ավարտին մեկ անգամ եւս շնորհավորելով պարգեւատրվածներին, վարչապետը առողջություն եւ նոր հաջողություններ է մաղթել նրանց` անձնական կյանքում եւ ստեղծագործ աշխատանքում։