Հնդկաստանը դիտարկում է զենքի և զինամթերքի նոր խմբաքանակ Հայաստան, որը նրա ռազմավարական դաշնակիցն է Կովկասում, ուղարկելու հնարավորությունը, գրում է The Economic Times–ն իր աղբյուրների վրա հղումով։
Ըստ պարբերականի, ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչը Նյու Դելիում բանակցել է սպառազինության մատակարարումների մասին, որոնք իրականացվելու են ըստ 2022–ի սեպտեմբերին երկրների միջև կնքված պայմանագրերի։
Նշվում է, որ պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուպի ($244․7 մլն), որոնց համաձայն Հնդկաստանն արդեն Հայաստան է առաքել սեփական արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնք առաջին անգամ են արտերկիր վաճառվել, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Նշվում է, որ առաքումն իրականացվել է Իրանի տարածքով։
Ըստ հրապարակման, նոր մատակարարումների վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն, սակայն, ըստ դիտորդների, խմբաքանակը կարող է ներառել այնպիսի միջոցներ, որոնք կարող են զսպող լինել Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։ Հիմնավորման մեջ ասվում է, որ երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ և որ կցորդի նշանակումը նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: