Լաչինի միջանցքից առևանգված և շինծու մեղադրանքով կալանավորված 68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը շինծու գործով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Նա 5 տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում, հայտնում է Haqqin.az-ը։
Մինչ դատավճռի հրապարակումը Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը մեղավոր չէ։
«Ես անմեղ մարդ եմ։ Ես սրտի ծանր հիվանդություն ունեմ, ինձ վիրահատություն է հարկավոր։ Մեկ անգամ էլ եմ ասում՝ ես մեղավոր չեմ», ասել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է նաև, թե Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան դատական նիստում ունեցած ելույթում, իբր, խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ «վերջինս չի մասնակցել իրեն վերագրվող իրադարձություններին»։
Դատախազ Ջովդաթ Մեհրալիևն ասել է, թե վկաների և տուժածների ցուցմունքները ապացուցում են Խաչատրյանի մեղավորությունը։
Պետական մեղադրողը պահանջել էր Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտել։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։