ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքի խորհուրդները խանգարում են ՀՀ–ին ավարտին հասցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Նա նշել է, որ ապաշրջափակման գործընթացը, որը սկսել էին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները, մինչ օրս ավարտին չի հասցվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Հունիսի 2–ին Եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում արձանագրվեց, որ բանակցություններում էական առաջընթաց կա, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարեց ավարտին հասցնել թղթի վրա եղած պայմանավորվածությունները։ Մենք լավ գիտենք՝ ինչը խանգարեց` Հայաստանի այժմյան ղեկավարության արևմտյան բարեկամների «բարի խորհուրդները»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա, Արևմուտքը, փոխանակ աջակցի եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը և հետևաբար Բաքվի ու Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է կարգավորման գործընթացում բոլոր «դրական ձեռքբերումները»։
«Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը և փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սեփական բաղադրատոմսը»,- ասել է Զախարովան։
«Արդյունքում Հայաստանը, գործելով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ցուցումներով, մեր կարծիքով, տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու ռիսկի է ենթարկում իրեն»,- ասել է Զախարովան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանն իր գոհունակությունն է հայտնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղիների համաձայնեցման շուրջ։ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» նախագծից: