16 նոյեմբերի 2023 - 16:57 AMT
Փաշինյան․ Պաշտպանության ծախսերը կրկնապատկվում են՝ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության

2024-ի բյուջեով կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ վստահեցնելով՝ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության։

Ըստ վարչապետի՝ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է, հայտնում է «Ազատությունը»։

«Ես վստահ եմ, որ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք, և այդ առումով մեր զինված ուժերի ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ համարում։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետության պարտականութունն է ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և վերջին 10-ը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում 3 անգամ ավելի են եղել և շարունակում են այդպիսին մնալ», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում»։

Միլիարդավոր դոլարների զենք գնող Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, խոսելով Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին սպառազինության վաճառքի մասին, հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։