2 մայիսի 2009 - 18:00 AMT
«Արեւելյան գործընկերություն»-ը չի ապահովում անդամությունը ԵՄ-ում
Եվրոպական Միությունում Ուկրաինայի եւ մյուս հետխորհրդային երկրների անդամության հեռանկարի հարցը կարող է ակտուալ դառնալ 5-10 տարի անց «Արեւելյան գործընկերության» ծրագրի հաջող իրականացման պայմանով: Այդ մասին հայտնել է արտաքին գործերով Բունդեսթագի կոմիտեի նախագահ Ռուպրեխտ Պոլենցը: Նրա խոսքով, նախաձեռնության նպատակը արեւելյան հարեւաններին Եվրամիությանը որքան հնարավոր է մոտեցնելն է: Անդամության հեռանկարի կամ նման հեռանկարը «փոխանակելու» մասին, նշել է նա, այդ ծրագրում խոսք չի գնում:
«Միեւնույն ժամանակ փաստ է այն, որ 2004թ. ԵՄ մեծ ընդլայնումից հետո Միությունը պարզապես չի դիմանա նոր անդամների ընդունմանը: Դրա փոխարեն մենք այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան ու Բելառուսը առաջարկում ենք ծրագրեր, որոնք ապագայում կարող են թեթեւացնել ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկումը»,- ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ը:
Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 3-ին: Մայիսի 7-ին Պրահայում կկայանա ծրագրի հաստատման գագաթաժողովը: