Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է անվտանգություն որոնի տարածաշրջանից հազարավոր կմ այն կողմ, այլ պետք է ընդունի Բաքվի պարզած ձեռքը։
«Մեկ անգամ ևս կոչ եմ անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների պարզած բարեկամության ձեռքը»,–ասել է Էրդողանը՝ կոչ անելով Հայաստանին շուտափույթ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, գրում է ՏԱՍՍ–ը։
Ըստ Էրդողանի, «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նոր դարաշրջան է բացել տարածաշրջանում, սակայն, որոշ ուժեր Արևմուտքում չեն ցանկանում դրա հետ հաշտվել»։
«Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգությունը որոնեն խաղաղության և համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ։ Արևմտյան երկրների ուղարկած ոչ մի զենք ու զինամթերք չեն կարողանա ապահովել կայուն խաղաղության և անվտանգության իրավիճակ»,–ասել է Էրդողանը՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նոյեմբերի 20–ին հայտարարել է, թե Բաքուն ավելի քան 2 ամիս է, ինչ սպասում է ՀՀ պատասխանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, քանի որ «վատ խորհուրդներ է ստանում, մասնավորապես, Ֆրանսիայից»։
Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: