Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական գործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը:
Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Եվրոպայի հարցերով նախարարը ժամանել է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։ Այդ մասին ասվում է ՄԹ դեսպանության հաղորդագրության մեջ։
Դոքերտին կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան։ Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։