22 նոյեմբերի 2023 - 15:05 AMT
Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ-ն կշարունակի աշխատել ՀԱՊԿ–ում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլում ափսոսում են, որ Հայաստանը չի մասնակցի բարձր մակարդակով նոյեմբերի 23–ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով են, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում։

Պեսկովը հույս է հայտնել որ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Անշուշտ, կարելի է ափսոսանք հայտնել, որ գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու։ Հուսով ենք, որ աշխատանքային, փորձագիտական մակարդակով կլինի մասնակցություն։ Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։