Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկել են հայ-իրաքյան համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է, որ այցը նշանակալից և ըստ էության պատմական է, քանի որ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն Իրաքի առաջին նախագահն է, որ այց է կատարում Հայաստան:
«Մեր երկրների միջև հարուստ մշակութային և պատմական կապեր կան, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նաև տնտեսական կապերի որոշակի ակտիվություն է նկատվում: Հույս ունեմ Ձեր այցի ընթացքում տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Իհարկե, հիմա նաև աշխարհում և տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, և ուրախ կլինեմ Ձեր գնահատականները լսել ընդհանուր իրավիճակի և լուծումների վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Իրաքի նախագահն իր հերթին նշել է. «Մենք երեկ ենք ժամանել և անցկացրած ժամանակը եղել է արդյունավետ և հետաքրքիր: Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև խոսել ենք Իրաքում այժմ առկա իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, առևտրաշրջանառության ոլորտներում: Հույս ենք հայտնում, որ այն էլ ավելի կամրապնդվի:
Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել հայ ազգին տեղի ունեցած արհավիրքի Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Անձամբ ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կարևոր եմ համարում ընդգծել Իրաքի հայ համայնքի դերը, որի առկայությունը մեր երկրում գալիս է հնագույն ժամանակներից, խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են` բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»:
ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: