23 նոյեմբերի 2023 - 12:39 AMT
ԱԳՆ․ Նոյեմբերի 30-ին սահմանին կհանդիպեն սահմանազատման հանձնաժողովները

Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Ադրբեջանի՝ նոյեմբերի 21-ի հայտարարությանը, որով Բաքուն կոչ էր անում երկկողմ բանակցություններ անցկացնել սահմանին։ Հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: