Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրով, որը մեկնարկելու է 2024–ին, նախատեսված է ֆիքսված ապահովագրավճար որը տարեկան կկազմի մոտ 200,000 դրամ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա տեղեկացրել է, որ կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարը նշել է, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթ, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսվածի։
«Կարևոր է նաև ֆիքսված ապահովագրավճարի պարագայում պետության ճկուն սուբսիդավորման համակարգն այն քաղաքացիների համար, ովքեր ունեն միջին աշխատավարձից ավելի ցածր եկամուտներ։ Ովքեր ստանում են միջին աշխատավարձից ցածր՝ գումարի 30-40 տոկոսի չափով կսուբսիդավորվեն»,- նշել է նախարարը։
Նվազագույն աշխատավարձի դեպքում քաղաքացիները սուբսիդիաներ ավելի շատ կստանան։
Ավանեսյանը նաև հավելել է, որ ստեղծվելու է ապահովագրական մեկ հիմնադրամ, որն իրականացնելու է ամբողջ գործընթացը։ Ըստ նրա՝ մասնավոր ապահովագրական ընկերություններն առաջարկելու են ստեղծվող փաթեթը լրացնող, հավելյալ ծառայություններ առաջարկող փաթեթներ, քաղաքացիներն իրենք կորոշեն՝ հավելյալ փաթեթի կարիք ունեն, թե ոչ։
Առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականից։ 2027 թվականին համակարգն ամբողջովին պետք է ներդրված լինի և պարտադիր է դառնալու։