23 նոյեմբերի 2023 - 17:31 AMT
Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար

Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծվեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար, իսկ ովքեր կցանկանան իրերը վերցնել, նրանց ևս, հավանաբար, նման հնարավորություն կտրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ անդրադառնալով ԼՂ վերաբերյալ Միջազգային դատարանի որոշմանը։

Նա նաև ասել է, թե բնակրանները և մշակույթի հուշարձանները Ղարաբաղում հատուկջոկատայինների պահպանության տակ են՝ տները կնիքի տակ են, «ոչ ոք այնտեղ չի մտնում», գրում է ԱՊԱ–ն։

«Միջազգային դատարանի որոշման մի մասը դրան է վերաբերում։ Դա Ադրբեջանի պարտավորությունն է։ Բարդ է ասել, թե ինչպես են գործընթացները ֆիզիկապես տեղի ունենալու։ Կարծում եմ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլոր վերադառնալ ցանկացողներին ժամանակ կտրամադրվի։ Այսինք, ով ցանկանում է վերջնական վերադառնալ, կվերադառնա։ Եթե ինչ–որ մեկն ուզում է գալ և իրերը տանել, ապա նրանց, հավանաբար, կտան նման հնարավորություն։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը։ ԱԳՆ–ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ»,–ասել է նա։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17–ին կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19–ից հետո (նկատի ունի ադրբեջանական ագրեսիան. խմբ.)տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը: Բաքուն պետք է հարգի այդ իրավունքը և ամրագրի իր օրենսդրության մեջ։