28 նոյեմբերի 2023 - 12:23 AMT
Արաբագետ․ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումն ինքնին ձեռքբերում է, բայց արդյունքի մասին վաղ է խոսել

Արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը, անդրադառնալով հայ-սաուդական մերձեցման առաջին քայլերին, ասել է, որ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինքնին ձեռքբերում է, բայց արդյունքի մասին վաղ է խոսել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա, վաղ է խոսել հեռանկարների, երկկողմ կապերի ապագա օրակարգի մասին:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը և Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարը։

«Հարաբերություններ են հաստատվել արաբական աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի հետ։ Բնականաբար, դա պետք է դրական գնահատել»,–ասել է նա։

Նա նշել է, որ դա կարևոր է նաև այն պատճառով, որ Սուդյան թագավորությունն արաբական աշխարհի առանցքային երկրներից մեկն է, բավականին ծանրակշիռ։

«Ւսկ մենք կանք Մերձավոր Արևելքի պետություններում՝ այնտեղ կան հայ համայնքներ, որոնք մասնակցում են բնակության երկրի հասարակական կյանքին և պետական կառավարմանը»,–ասել է նա։

1994 թվականից ի վեր` Արցախյան հակամարտության պատճառով Սաուդյան Արաբիան հրաժարվում էր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն, սակայն 2010 թվականից Երևանի ու Էր Ռիադի հարաբերություններում որոշակի տեղաշարժ էր արձանագրվել։

2021 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սաուդյան Արաբիա։ Դա որակվեց որպես աննախադեպ իրադարձություն ու միանշանակ շրջադարձային Հայաստանի միջազգային հարաբերություններում։