Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով բեռնատարների համար Լարսի անցակետում ծագած խնդիրներին, գրել է, թե «Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի»։
Ըստ նրա, շատ կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։
«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:
Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,–ասվում է գրառման մեջ։
ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարսի անցակետում սպասող բեռնատարների թիվը գերազանցել 2600-ը։ Այդ մասին ասված է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպության կայքէջում։ Էլեկտրոնային հերթագրման շտեմարանի տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ ՌԴ-ից Վրաստան մուտքի համար հերթագրված է 2678 բեռնատար ավտոմեքենա, որից 964-ը ունի ՀՀ պետհամարանիշ,հայտնում է Factor.am-ը։
Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը ՌԴ-ն միացնում է ՀՀ-ի ու Վրաստանի հետ։ Ճանապարհով երթևեկությունը սահմանափակվել է նոյեմբերի 26-ին վատ եղանակի պատճառով, հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակվել է։
Նոյեմբերի 27-ի գիշերը Ռուսաստանի հարավում գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում արձանագրված ամենահզոր փոթորիկը։ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ անհնար է ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը և խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց։