Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովում ասել է, որ արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում։
Նա տեղեկացրել է, որ 2030-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15 տոկոս, գրում է Aysor.am-ը։
«Մենք նպատակադրված ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշած թիրախները»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ 2030-2040թթ.-ին լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցեն՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ, նաև հողմային կայաններ կկառուցեն։
«Նպատակն է մինչև 2040թ. արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մեգավատտ։ Մեր առջև բավական մեծ առաջադրանք ենք դրել, և եթե զարգացման տեմպերը միասին պահենք՝ կհասնենք այս նշաձողին»,-ասել է նա։
Նախարարը շեշտել է՝ էներգետիկայի շուկայի ազատականացումը նոր փուլ է բացել ոլորտի համար։
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն իր որոշումներով ամրագրել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ: