ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։
«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Սա արդեն երևի 8 անգամ ասել ենք վերջին երկու տարվա ընթացքում։ Էլ ի՞նչ է պետք ասել»,- ասել է Սիմոնյանը, գրում է Արմենպրեսը։
Հարցին, թե արդյոք արցախահայության իրավունքների հարցը Հայաստանը հիմա կքննարկի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում՝ Սիմոնյանը պատասխանել է, որ պետք է կենտրոնանալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։
«Կարծում եմ, որ մենք պետք է այս պատմական փուլում կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։ Հետագայում ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալու Հայաստանում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալ Բաքու, Ստեփանակերտ, Շուշի և մնացած բոլոր այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրել՝ դա արդեն ապագայի հարց է»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ դա անիրատեսական է։
Նա ընդգծել է, որ առանց խաղաղության, առանց ատելության խոսքի վերացման Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն անհնար է։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։