29 նոյեմբերի 2023 - 10:48 AMT
Պապոյան․ ՀՀ–ն հիմնավորված դժգոհություն ունի ՀԱՊԿ–ից, իսկ ԵԱՏՄ–ում լավ ենք փոխգործակցում

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ն հիմնավորված դժգոհություն ունի ՀԱՊԿ–ից։

Նա ասել է, որ Հայաստանն անդամակցել է ՀԱՊԿ–ին մեկ պատճառով՝ անվտանգության ապահովման համար, և Երևանն ուզում է հասկանալ՝ անդամությունը ՀԱՊԿ–ում երաշխավորելու է երկրի տարածքային ամբողջականությունը, թե ոչ։

«Երբ Հայաստանում անվտանգության հետ կապված խնդիրներ առաջացան, ՀԱՊԿ–ը չարձագանքեց։ Մենք ուզում ենք հասկանալ՝ առաջիկայո՞ւմ էլ է այդպես լինելու։ Անդամությունը ՀԱՊԿ–ում երաշխավորելո՞ւ է երկրի տարածքային ամբողջականությունը, երկրի սահմանների անվտանգությունը, անվտանգային համակարգը»,–ասել է նա։

Ըստ Պապոյանի, ՀԱՊԿ–ը պետք է պատասխանի այդ հարցերին։

Պապոյանն անդրադարձել է նաև Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առաջացած խնդիրներին։

Նրա կարծիքով ճիշտ չէ Հայաստանի պահվածքը ՀԱՊԿ շրջանակներում և տնտեսական բաղադրիչը կապել իրար։ Նա հավելել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ խնդիր չունի։

«Մենք լավ ենք փոխգործակցում, ներմուծում և արտահանում ենք ապրանքներ, ՀՀ և մեր գործընկերների տնտեսությունը զարգանում է»,- ասել է պատգամավորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: