29 նոյեմբերի 2023 - 13:33 AMT
Սամվել Բաբայան. Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը նոյեմբերի 29–ին հրավիրվել է ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, նիստից առաջ ասել է, որ Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել։

Բաբայանն ասել է, թե ինքը հայտարարել էր, որ պետք է Արցախի հարցի լուծման համար կոմիտե ձևավորվի, բայց, քանի որ ՀՀ ընդդիմությունն ասել է, որ ինքը խանգարում է պլաններին, ձեռնպահ է մնացել, հայտնում է Aysor.am-ը։

«Ես առաջարկել եմ, բայց, քանի որ Արցախի իշխանություներն ունեն իրենց ձևն ու ՀՀ ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել», - նշել է Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։