Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը, տեղեկացրել է, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել։
«Էկոնոմիկայի նախարարությունը և Եվրասիատնտեսական հանձնաժողովի մեր գործընկերները, ներքին շուկաների պաշտպանության հարցերով նախարար պարոն Սիմոնյանը և մյուս գործընկերները նախաձեռնել ենք քննարկում, որը պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որն առաջացրել է այսպիսի վիճակագրության փոփոխություն», - ասել էՔերոբյանը, հայտնում է «Ազատությունը»։
Նախարարը նշել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակումը և դրա հետ առկա տեղեկատվությունն ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից:
Նշելով, որ վիճակագրությունը ցույց է տալիս, թե անցած ամբողջ տարվա ընթացքում 35 կամ 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել, Քերոբյանն ասել է՝ «համաձայն վիճակագրության պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետև այսպիսի ցածր վիճակագրություն է»:
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը միտված է նրան, որպեսզի արտադրենք բարձր ստանդարտների այնպիսի ապրանքներ, որոնք հնարավորություն ունենք արտահանելու տարբեր ուղղություններով:
Քերոբյանը հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2024 թվականի համար 92 միլիարդ դրամ է, և «այդ միջոցներն ուղղված են, որպեսզի մեր ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական, ավելի մրցունակ, արտադրեն ավելի բարձրակարգ ապրանքներ, որը հնարավորություն կտա արտահանել ոչ միայն ԵԱՏՄ այլ նաև այլ շուկաներ»:
«Այս եղած իրավիճակը համարում եմ, որ լավ առիթ է, որպեսզի բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ», - նշել է նախարարը:
ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից բուսական սննդամթերքում «հաճախակի դարձած խախտումների» մասին։ Խոսքը մասնավորապես Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ հայտնաբերված կարանտինային վնասակար օրգանիզմների մասին է՝ 2023–ին 72 այդպիսի դեպք է գրանցվել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ բեռների զննության կաոններն անփոփոխ են մնացել։