Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է։
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է, գրում է «Փաստինֆոն»։
Այն հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ Արցախը հանձնվեց Արցախի և ՀՀ դավադիր որոշումների հետևանքով, գլխավոր պատասխանատուն իրենք են, Սամվել Բաբայանը պատասխանել է․ «Եթե ես մեկ անգամ մի բանը ասում եմ, չեմ փոխում իմ տեսակետը, մնում եմ իմ տեսակետին»։
Նրա խոսքով՝ եթե բանակի հրամանատարը չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ մեկտեղ ղեկվարում են ևս անձինք, պետք է քննություն իրականացվի։ Նա հավելել է, որ քննիչ հանձնաժողովի դրվագներով, փաստերով հուշել է՝ ինչ ուղղությամբ պետք է գնալ։
«Ես եկել եմ որպես քաղաքացի՝ իմ պարտքը տվել, արտահայտվել այն, ինչից տեղյակ եմ, թե հանձնաժողովը կհասնի նպատակին, թե ոչ՝ չգիտեմ»,- ասել է նա։
Բաբայանը նաև վստահեցրել է, որ պաշտոնի մասին որևէ մեկի հետ չի խոսել, եթե առաջարկեն էլ՝ չի ընդունի։ Նրա խոսքով՝ երկու տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանին չի տեսել։
«Ո՛չ խաբար եմ, ո՛չ գիտեմ», - հավելել է նա։
ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստն անցել է դռնփակ։