30 նոյեմբերի 2023 - 10:19 AMT
Միրզոյանը հանդիպել է Բլինքենին, քննարկել Ադրբեջանի հետ կարգավորումը

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: