ԱՄՆ Պետդեպարտամենտը, անդրադառնալով USAID-ի հասցեին Ադրբեջանում հնչող մեղադրանքներին, դրանք անվանել է «կեղծ և սկզբունքորեն սխալ», գրում է ադրբեջանական Turan–ը։
Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին ուղղված նման մեղադրանքները կեղծ են, դրանք սկզբունքորեն սխալ են բնութագրում մեր օգնության նպատակները։ Մեր օգնությունը միշտ թափանցիկ է։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն ամբողջ աշխարհում խթանում են ժողովրդավարական արժեքները, որոնք ուղղված են ազատ և խաղաղ հասարակություններին»։
Ադրբեջանցիների մեղադրանքները կապակցվել են նաև Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունների, մասնավորապես նրանց լրատվամիջոցների «ապօրինի ֆինանսավորման» հետ։
Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի 4 ամսով կալանավորված տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամեդ Կեկալովին մեղադրում են փողերի մասքսանենգության մեջ։ Այս մեղադրանքների ֆոնին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ գրել են, թե AbzasMedia-ի նման լրատվամիջոցներն «ապօրինի ֆինանսավորվել են արևմտյան դոնորների», այդ թվում՝ USAID–ի կողմից:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ` USAID-ի համար Ադրբեջանում այլևս տեղ չկա: Հաջիևը X-ի իր միկրոբլոգում այդպես է արձագանքել այդ կազմակերպության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնը լրացուցիչ 4 միլիոն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։
Նա մեղադրել է ԱՄՆ–ին 30–ին տարի Հայաստանի կողքին լինելու մեջ, երբ, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «օկուպացված էին ադրբեջանական տարածքները»։