«Հայաքվե» նախաձեռնության օրենսդրական նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստի օրակարգում։ Կողմ է քվեարկել 26 պատգամավոր, դեմ՝ 57։
Նախագծով առաջարկվում է քրեականացել ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
«Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը նշել է, որ ՔՊ-ն առանց որևէ իրավական փաստարկի մերժում է «Հայաքվե»-ի նախագիծը, հայտնում է Factor.am-ը։
Մինչ քվեարկությունը նա իր խոսքում ասել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստացել էր, որ ՀՀ–ն երաշխավորելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը և Հայաստանը ձգտելու է ԼՂ հարցը լուծել նրա կարգավիճակի վերջանական հստակեցմամբ՝ հիմնավորված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա, սակայն իր խոստումը չի կատարել, հայտնում է Արմենպրեսը։
«ՔՊ-ն նաև խոստացել է, որ թույլ չի տալու այնպիսի ապաշրջափակում, որը կհակասի Հայաստանի և Արցախի կենսական շահերին, սակայն այս խոստումը չի կատարել։ Դուք ընտրություններին գալիս էիք մի բան ասելով, սակայն անում եք հակառակը»,- ասել է Պետրոսյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր հերթին, նշել է, որ չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ ՔՊ-ականները չեն օգտագործում Արցախ արտահայտությունը:
Սիմոնյանը հայտարարել է, թե, չընդունելով «Հայաքվեի» նախագիծը, իրենք «փրկեցին ընդդիմությանը», հայտնում է Aysor.am-ը։
«Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին ու դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամ, եթե սա ընդունվեր ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Կարող ենք ֆիքսել «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր», - նշել է ԱԺ նախագահը:
Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին ասել է, որ հանձնաժողովում մանրամասն քննարկվել է նախագծի բովանդակային հատվածը։
«Մենք նշել ենք, որ իրավական որոշակիության տեսանկյունից առկա են խնդիրներ նախագծով առաջարկվող փոփոխությունների առնվազն առաջին հոդվածում։ Ինչ վերաբերվում է նախագծով առաջարկվող երկրորդ հոդվածին, խոսքը Հայոց ցեղասպանության ժխտման մասին է, ապա մենք արձանագրել ենք, որ ՀՀ քրեական օրենսդրությունն արդեն իսկ պարունակում է նման հանցակազմ։ Ընդ որում, և՛ իրավական որոշակիության տեսանկյունից, և՛ քրեական օրենսդրության տրամաբանության տեսանկյունից այդ հոդվածը չէր կարող տեղ գտնել Քրեական օրենսգրքի նշված գլխում։ Վերը նշված հիմնավորումները ներկայացված են եղել մեր գործընկերներին, այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչին։ Չի կարելի ասել, որ առանց որևիցե բովանդակային քննարկման որոշում է կայացվել»,- ասել է Վարդանյանը։
Ավելի վաղ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումն Ադրբեջանի կազմում արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, և նախագիծը չի կարող քննարկվել լիագումար նիստում:
Հոկտեմբերի 11-ին «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը մուտքագրել էր Ազգային ժողով օրինագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել հետևյալ լրացումը․ Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 10-18 տարի ժամկետով։