5 դեկտեմբերի 2023 - 13:04 AMT
«Իգիթը» բուսական յուղով ապրանքն իրացրել է որպես «Լոռի» պանիր․ 32 մլն դրամով տուգանվել է

«Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր։ Դա արձանագրվել է պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ի հարուցած վարույթի շրջանակում։

Ապրանքն իրացվել է առանց պիտակի։

Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։

«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։

Նկարագրվածի առնչությամբ «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023-ի նոյեմբերի 28-ի թիվ 504–Ա որոշմամբ տուգանվել է մոտ 32 միլիոն դրամով։

Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 2 մլն դրամով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար համապատասխանաբար տուգանվել է ընդհանուր մոտ 4 մլն դրամով։