5 դեկտեմբերի 2023 - 14:01 AMT
Ալավերդցիներն արտահերթ ընտրություններ են պահանջում․ Համայնքապետին անվստահություն են հայտնել՝ ընտրելով ՔՊ թեկնածուի

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ն լարված իրավիճակում անվստահություն է հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին, պաշտոնում ընտրվել է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, և իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը, հայտնում է Aysor.am-ը։

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ապօրինի է, եթե իրենք այդ դուխն ունեն, թող գնանք արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ նրանք իշխանություն ունեն։ Նրանք չունեն այդ իշխանությունը, չեն կարող ընտրվել և ձեր օգնությամբ են դա անում»,-ասել է բնակիչներից մեկը։

Հավաքվածները շենքի ներսում գտնվող ավագանու ՔՊ անդամներին դուրս էին հրավիրում՝ գոռալով՝ «դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։

Ոստիկանները շրջափակել են շենքը՝ թույլ չտալով բնակիչներին ներս մտնել, որոնք հավաքվել են շենքի մոտ՝ ի պաշտպանություն արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի, գրում է Sputnik Արմենիան։

Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանն ասել է, որ պատրաստվում է կատարվածը բողոքարկել դատական կարգով։

2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։ Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։