5 դեկտեմբերի 2023 - 15:40 AMT
Լավրովը՝ Բայրամովին․ «3+3» ձևաչափը գնալով հեռանկարային է դառնում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ «3+3» ձևաչափը գնալով ավելի հեռանկարային է դառնում։

«Արդեն շոշափելի է դառնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «3+3» նախաձեռնությունը՝ 3 հարավկովկասյան երկիր և նրանց 3 հարևանը։ Սա ևս հեռանկարային ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել այդ ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ ձեր գնահատականները»,–ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ–ը։

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության նախաձեռնությամբ 2020–ին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Ավելի ուշ հարթակը կոչվեց «3+3»։ ՌԴ–ն և Իրանը ողջունել են դրա ստեղծումը, Վրաստանը հրաժարվել է մասնակցել։ ՀՀ–ն դեմ չի արտահայտվել և մասնակցել է հանդիպումներին։ Առաջին նիստը տեղի է ունեցել 2021–ի դեկտեմբերի 10–ին Մոսկվայում, երկրորդը՝ 2023–ին Իրանում։