4 մայիսի 2009 - 16:02 AMT
:Fitch Ratings միջազգային վարկանիշային ընկերությունը «ՎՏԲ-Հայաստան Բանկի» եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» թողարկողի վարկանիշերը
Fitch Ratings միջազգային վարկանիշային ընկերությունն ապրիլի 30-ին հաստատել է երկու հայկական բանկի թողարկողի վարկանիշերը. «ՎՏԲ-Հայաստան Բանկի» 'BB+' մակարդակով եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» 'BB' մակարդակով: Fitch Ratings միջազգային վարկանիշային ընկերության տեղեկատվության համաձայն, երկու բանկերի կանխատեումները կայուն են: Բանկերի անհատական վարկանիշերը հաստատվել է 'D/E' եւ 'D' մակարդակներում համապատասխանաբար: Բանկերին օժանդակելու վարկանիշերը գտնվում են '3' մակարդակում: Fitch-ը նշում է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» 2008թ. վերջի դրությամբ զբաղեցնում է վարկավորման շուկայի 11%-ը, փոքր ավանդների շուկայի 5,9%-ը եւ լայն մասնաճյուղային ցանց ունի ՀՀ բոլոր մարզերում:

Fitch-ը կարծում է, որ ռուսական «ՎՏԲ Բանկը» (վարկանիշը` 'BBB'/Բացասական) անհրաժեշտության դեպքում հակված կլինի օգնել «ՎՏԲ-Հայաստան Բանկին»: Fitch-ը դա հիմնավորում է նրանով, որ «ՎՏԲ Բանկը» «ՎՏԲ-Հայաստան Բանկի» 100%-ոց բաժնետերն է, որը, իր հերթին, զգալիորեն փոքր է մայր բանկից, ինչպես նաեւ նրանով, որ ԱՊՀ երկրների շուկաները ռուսական բանկի համար ռազմավարական նշանակություն ունեն:

Վարկանիշային ընկերությունը նշում է, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» 2008թ. վերջի դրությամբ ՀՀ խոշորագույն բանկն է ըստ ակտիվների (շուկայի 12%-ը), տրված վարկերի (շուկայի 13%-ը), եւ գյուղատնտեսության վարկավորման (շուկայի 71%-ը): «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին» է պատկանում Հայաստանի բանկային համակարգի գյուղատնտեսական վարկերի բազմատարր պորտֆելի ավելի քանի 70 տոկոսը: 2006 թվականից «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» բաժնետոմսերի 28 տոկոսը պատկանում է Ֆրանսիական Credit Agricole SA-ին:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» պարագայում Fitch-ը ենթադրում է, որ Credit Agricole բանկային խմբի ('AA-'/Կայուն) կողմից նրան օժանդակելու հնարավորությունը քիչ հավանական է հայաստանյան բանկում վերջինիս փոքր մասնաբաժնի (28%) հետեւանքով, ինչպես նաեւ այն պատճառով, որ հայաստանյան շուկան Credit Agricole-ի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում:

Ըստ Fitch Ratings-ի, օժանդակությունը կարող է պայմանավորված լինել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» վարկանիշով` որպես ֆրանսիական բանկային խմբի հետ ընդհանուր բրենդ ունեցող բանկի, Credit Agricole-ի անմիջական մասնակցությամբ հայաստանյան բանկի հիմնադրման գործում, նրա նկատմամբ վերահսկողությամբ եւ վերջինիս հարաբերականորեն փոքր չափերով:

Վարկանիշային ընկերությունը նշում է, որ երկու բանկերի անհատական վարկանիշերն արտահայտում են վերջին տարիներին արձանագրված վարկավորման սրընթաց աճը, արտարժույթով վարկերի բարձր մասնաբաժինը, բարձր ռիսկային գործառնական միջավայրը, նաեւ` երկու բանկերի պատշաճ կապիտալացումը եւ նրանց մեծ ճանաչվածությունը ներքին շուկայում