Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքվին երաշխիքներ են պետք, որ «Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի»։
«Ադրբեջանին երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիզմի ոչ մի փորձ չի լինի»,– ասել է նա, գրում է Interfax.az-ը։
Նա ասել է, թե Ադրբեջանին դա պետք է, քանի որ «գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, իրազեկ են որոշ եվրոպական մայրաքաղաքներում խորհրդատուների մասին»։
«Մենք կցանկանայինք, որ երկու երկրի միջև ընդհանրապես պատերազմ չլինի և այդ հարցում պետք է լինեն երաշխիքներ։ Հայկական կողմը պետք է մոռանա պատմության մեջ մնացած ԼՂՀ–ի մասին և ձեռնամուխ լինի սահմանազատմանը»,– ասել է նա։
Ըստ նրա, խաղաղ պայմանագիրն Ադրբեջանի և ՀՀ միջև շատ ծավալուն չէ՝ «առավելագույնը 6-7 էջ, սակավաթիվ հոդվածներ»։
Ալիևը նաև ասել է, թե ՀՀ–ին ավելի քան 2 ամիս պահանջվեց պատասխանելու համար Բաքվի վերջին առաջարկներին և դա արվեց միայն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետո, ինչը, ըստ նրա, «մեկ անգամ ևս ցույց տվեց, որ գործընթացը դանդաղեցնում է Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը»։
Ըստ նրա, Ադրբեջանի ԱԳՆ–ն այժմ գնահատում է հայկական կողմի այդ առաջարկներն ու ժամանակին կուղարկի իր առաջարկները։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։