6 դեկտեմբերի 2023 - 13:25 AMT
Բրյուսելը կոչ է արել ԼՂ-ում միջազգային ներկայություն ապահովել` պաշտպանելու հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում տեղահանվածների՝ սեփական տներ վերադառնալու։ Այդ մասին հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։

Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել, հայտնում է «Ազատությունը»։

«Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», - ասել է նա։

Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, քննադատել մարդկային զոհերն ու Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթը, որ տեղի է ունեցել բռնության պատճառով։

Բորելը հայտարարել է, որ թեև Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում նպաստում է էներգակիրների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականությանը, բայց Եվրամիության կառույցները շարունակում են դիտարկել իրավիճակը տեղում և զգուշացրել են՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ։

Նա հավելել է, որ Եվրամիության վերջնանպատակն է առաջ տանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների 25-րդ համաժողովում, խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին։

Ժոզեպ Բորելը փաստել է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի միջոցով՝ որպես օրինակ մատնացույց անելով Ադրբեջանի գործողությունները։

«Օրինակ՝ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտության ելքը, որը ես չէի ասի թե լուծվել է, բայց վճռվեց ռազմական միջամտությամբ, ինչը 150 հազար մարդու ստիպել է տեղահանվել մեկ շաբաթվա ընթացքում»,–ասել է նա:

«Մեկ շաբաթում 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և փախչել։ Իսկ միջազգային հանրությունն ափսոսանք հայտնեց, մտահոգություն հայտնեց, հումանիտար աջակցություն ուղարկեց, բայց, այնուամենայնիվ, ամեն բան եղավ ուժի կիրառմամբ», - ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։